Յուրաքանչյուր գեղարվեստական ցուցահանդես հագեցված է գեղագիտական որոշակի մթնոլորտով, ունի իրեն բնորոշ գաղափարական լարվածություն։ Անհատական ցուցահանդեսներում այս հասկացությունները դրսևորվում են շատ ավելի խտացված, ավելի ուժեղ շեշտադրումներով և բարդ զուգորդումներով, քանի որ գործ ունենք մեկ ստեղծագործողի հետ։ Ստեղծագործողը նույն անհատականությունն է, որոնումների, ձեռքբերումների, հետաքրքրությունների նույն շրջանակը։ Արվեստագետի մեծությունն էլ հենց կայանում է նրանում, որ այսպիսի «միօրինակության» մթնոլորտում կարողանա լարված հետաքրքրության մեջ պահել յուրաքանչյուր այցելուի։
Այսօրինակ քննության դիմացավ ժամանակակից արվեստի թանգարանում անցած տարվա վերջին բացված Ռուդոլֆ Խաչատրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Այն ընդգրկում էր 1980 թ. Երևանի նկարչի տանը բացված առաջին անհատականից հետո ընկած վերջին երեք տարիներին կատարած գործերը՝ հիսուն ավարտուն կտավ։ Սակայն խոսքը բնավ էլ քանակի մասին չէ, այլ գեղարվեստակատարողական այն մակարդակի, որով էլ նշանավորվեց այդ ցուցահանդեսը։
Ռուդոլֆ Խաչատրյանն ասելիք ունի որպես իսկական արվեստագետ, որը խորհելով ու փիլիսոփայորեն է նայում աշխարհին ու մարդկանց։ Նրա պատկերած մարդիկ հոգեհարազատ են իրենց կերպարային ամբողջական նկարագրով։ Նրանք մտավորականության ներկայացուցիչներ են՝ գիտնական, գրող, դերասան, ռեժիսոր և այլն։ Հոգեբանական բացահայտումները մտածված են որոշակի կանոններով։ Առաջին պահին թվում է, թե բնորդի էությունը լրիվ բացահայտված և ամբողջացված է, սակայն երկար դիտելուց հետո պարզվում է, որ դիտողի համար տվյալ կերպարի սեփական մեկնաբանման բազմաթիվ տարբերակներ կան։ Այսինքն՝ նկարչի մտահղացումներն այնքան են տրոհվում կերպարի գեղարվեստական մարմնավորման մեջ, որ յուրաքանչյուրն ինքնուրույն կյանք է ստանում, դառնում նոր միջավայրի մեջ ապրող անձնավորություն։
Ռ. Խաչատրյանի դիմանկարներում պատկերված մարդիկ չունեն հոգեկան ապրումների ընդգծված դրոշմ, բայց օժտված են ներքին ակտիվությամբ, զուրկ են «արտաքին շարժումներից», սակայն դրված են շարժուն հոգեվիճակների մեջ։ Այդպիսիք են ակադեմիկոս Ա. Միգդալի, դերասան Վ. Մսրյանի, նկարչուհի Իննա Օլևսկայայի դիմանկարները, «Դերասանուհին», «Կնոջ դիմանկարը» և այլ աշխատանքներ։ Այստեղ պետք է նշել Ռ. Խաչատրյանի արվեստի մեկ այլ առանձնահատկություն. որքան նկարիչը բծախնդիր է բնորդի դեմքը ճշգրտորեն պատկերելու հարցում, նույնքան ակտիվ են նրանց շրջապատող իրերը կամ հարդարանքը, ձևը նյութականացնելու ժամանակ։ Սա նատուրալիզմ չէ, այլ ընդհանրացման այն մակարդակն է, երբ նկարը ստեղծվում է ճշմարտության ձգտման սահմաններում, միաժամանակ բարձրանում արվեստի մակարդակի։
Նրա պատկերած մարդիկ «մաքրված են» կենցաղային մանրուքներից, բացասական կրքերից, անաղարտ և ազնիվ զգացումներ հարուցող անհատականություններ են և հենց դրանով էլ հմայում, հարազատ են դառնում դիտողին։ Նկարչի գործերը ներգործելու մեծ ուժ ունեն։ Միաժամանակ բնորդների զգեստները, հարդարանքի առարկաները թելադրում են պատկերվողի կեցվածքը, այսինքն՝ կոմպոզիցիայի այն տարբերակը, որը բնորոշ է միայն ու միայն տվյալ մարդուն։
Անցած երեք տարիների ընթացքում առավել բազմազան են դարձել նկարչի կերպարային արտահայտչականության հնարները, հատկապես՝ բնորդների ձեռքերին տրվող կարևորությունը, որոնք պայմանավորված են կատարողական բարձր կուլտուրայով։ Լևկասը՝ կտավին և թղթին փոխարինող փայտի վրա ամրացված կավճախառն հիմքը, հնարավորություն է տալիս հասնել մատիտի և սեպիայի հնարավորությունների բացարձակ արտահայտչականության, նույն գույնի երանգների տարբերակային անցումների գեղանկարչական հնչեղության։ Լևկասը որքան հեշտացնում, նույնքան էլ սեփական պահանջներն է առաջադրում՝ գեղեցիկի հասկացության սահմանների չափի զգացում, ճաշակի անաղարտություն և այլն։
Ռ. Խաչատրյանը առաջին իսկ քայլերից ձգտել է հաստատել իրենը, անհատականը, այն կատարյալը, որը նրա համար մարմնավորված է Դյուրերի և Ռեմբրանդտի արվեստում։ Նա կարողանում է լուծել իր առջև դրված ստեղծագործական խնդիրները։ Ցուցադրված աշխատանքներում նրա վարպետության դրսևորումները հավաստում են, որ մենք գործ ունենք արդեն ձևավորված և իր անհատական դեմքն ունեցող արվեստագետի հետ։ Դա փաստ է՝ արվեստագետին պարտավորեցնող բազմախորհուրդ փաստ։
ՄԱՆՅԱ ՂԱԶԱՐՅԱՆ