Մայրաքաղաքի կենտրոնում՝ Սուվորովյան բուլվարում, գտնվում է ճարտարապետական մի կոթող: Մոսկվացիներին այն ծանոթ է որպես «Լունինի տուն», որը կառուցվել է XIX դարում, ճարտարապետ Դոմինիկո Ժիլարդիի նախագծով:
Այժմ, հիմնովին վերականգնումից հետո, այդ առանձնատունը հանձնվել է Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանին: Եվ ահա թանգարանի նոր շենքը մայիսի 15-ին դռները լայնորեն բացեց մոսկվացիների, մայրաքաղաքի հյուրերի առջև:
Հատկանշական է, որ հենց այդ օրը այստեղ տեղի ունեցավ սովետական նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի ցուցահանդեսի բացումը:
Վեց տարի առաջ ՍՍՀՄ նկարչի տանը բացվեց Ռ. Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը: Նկարիչն իր ստեղծագործություններով միանգամից գրավեց արվեստասերների ուշադրությունը: Եվ նրանք սպասում էին նոր հանդիպման, որովհետև բոլորի համար պարզ էր, որ գործ ունեն ինքնատիպ տաղանդի հետ: Անցած վեց տարիներն ապացուցեցին այդ ճշմարտությունը: Ցուցահանդեսի բացման ժամանակ այդ մասին խոսեցին Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանի դիրեկտոր Ա. Տեսյոլկինը, ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության կերպարվեստի գլխավոր վարչության պետ Գ. Պոպովը, ՍՍՀՄ նկարիչների միության վարչության առաջին քարտուղար Թ. Սալախովը, սոցիալիստական աշխատանքի հերոս, ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Դ. Նալբանդյանը, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի դիրեկտոր Հ. Իգիթյանը:
Այնուհետև ներկաները՝ մայրաքաղաքի արվեստի, գիտության գործիչներ, լրագրողներ, դիվանագետներ, ծանոթացան ցուցահանդեսի վեց դահլիճներում ներկայացված մոտ 100 աշխատանքներին:
Ի՞նչն է հատկանշական Ռ. Խաչատրյանի արվեստին: Դա, անշուշտ, մարդն է՝ իր ողջ բարդ էությամբ ու բնավորության բազմազանությամբ: Խաչատրյանը փորձում է ամեն մի կոնկրետ դեպքում թափանցել իր հերոսի հոգու խորքը, գտնել նրա բնավորության բնորոշ գծերը: Նա սիրում է իր հերոսներին: Երբեմն զգում ես նկարչի անբռնազբոս հումորը, երբեմն՝ հեգնանքը, բայց բոլոր դեպքերում ակնհայտ է նկարչի բարությունը, և այդ ամենը Ռ. Խաչատրյանը կարողանում է հաղորդել դիտողին: