Հեռուստադիտողները հնարավորություն կունենան հունվարի 28-ին, ժ. 19.30-ին դիտելու հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի ցուցահանդեսին նվիրված հաղորդումը։
Լայն է արվեստագետի ստեղծագործական մտահորիզոնը, ընդունակ է իր մեջ ներառելու գեղագիտական ամենատարբեր ըմբռնումների մարդկանց։ Տարիների ընթացքում ստեղծված տասնյակ բնանկարները, նատյուրմորտներն ու դիմանկարները պատկերում են նոր ու շենացող հայրենիքը, նրա անվանի մարդկանց։ Մեծ հետաքրքրությամբ են դիտվում արվեստագետի «Առավոտ», «Աղջիկը խնձորներով», «Դերասան Վլադիմիր Մսրյան», «Բալետմեյստեր Մաքսիմ Մարտիրոսյան» դիմանկարների շարքը, ինչպես նաև «Վարդեր», «Նատյուրմորտ ինքնաեռով», «Երեք ձուկ», «Ծաղիկներ» նատյուրմորտային աշխատանքները և այլն։
Ռ. Խաչատրյանի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Երևանն ու հայկական լեռնաշխարհը։ Այս շարքի աշխատանքները վերաստեղծում են Սովետական Հայաստանի մայրաքաղաքի և բնաշխարհի հուզական կերպարը։ Նկարչի համար հավասարապես հետաքրքիր ու նշանակալից է անգամ աննշան թվացող յուրաքանչյուր մանրուք։ Մեծ թե փոքր երևույթներին նա վերաբերում է միևնույն սիրով ու ուշադրությամբ։
Հաղորդման մեջ օգտագործված են նկարչի առավել նշանակալից աշխատանքները։