Մոսկվայի «Իզոբրազիտելնոյե իսկուսստվո» հրատարակչությունը մասսայական տպաքանակով լույս է ընծայել ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի գծանկարների ալբոմը, որի կազմողն է Մ. Լազարևը, նկարիչ-ձևավորողը՝ Մ. Բիկովը:
Ալբոմում տեղ են գտել նկարչի մոտ հարյուր ստեղծագործությունների վերատպություններ, որոնք ընդհանուր պատկերացում են տալիս գծանկարի վարպետի ստեղծագործության մասին:
Ժամանակագրական ընդգրկումը բավականին մեծ է՝ 1951–88 թթ.: Դա թույլ է տալիս հետևել նկարչի ստեղծագործական ուղուն ու ձեռքբերումներին:
Ալբոմը բացվում է ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Թ. Սալախովի առաջաբանով, որին հետևում է արվեստաբան Մ. Լազարևի հոդվածը՝ նվիրված Ռ. Խաչատրյանի կյանքին ու ստեղծագործությանը:
Ռուդոլֆ Խաչատրյանի ստեղծագործություններում ակնհայտ է կապը ինչպես ազգային, այնպես էլ եվրոպական դասական ավանդների հետ: Հայկական միջնադարյան մանրանկարչության թրթռուն, շնչավոր արվեստը, քարեղեն կոթողների մոնումենտալությունը սնել են նկարչի արվեստը: Խաչատրյանի՝ որպես նկարչի, ձևավորման վրա մեծ ազդեցություն է գործել նաև Երվանդ Քոչարը, որին նա իր ուսուցիչն է անվանում:
Վերջին շրջանում Ռուդոլֆ Խաչատրյանը նկարում է հիմնականում լևկասի գրաֆիկական մեթոդով: Ինչպես գրքի առաջաբանում գրում է Թ. Սալախովը, «լևկասի մեթոդով գծանկարի տեխնիկան ասես թույլ է տվել Խաչատրյանին դասական գծանկարի խիստ արտահայտչականությունը միահյուսել գծանկարչության բազմազան հնարավորությունների հետ»:
Խաչատրյանի հերոսները հիմնականում մտավորական մարդիկ են: Ազգագրագետ Լ. Աբրահամյանի, լեզվաբան Մ. Մելքումյանի դիմանկարներում, «Տղամարդու կիսադեմ», «Քարավանապետ», «Պիլիգրիմ» աշխատանքները վկայում են մարդու հոգևոր աշխարհը ներթափանցելու արվեստագետի կարողությունը:
Ռուդոլֆ Խաչատրյանը ստեղծել է կանացի դիմանկարների մի ամբողջ պատկերասրահ, ուր առանձնանում են նկարչի կնոջ՝ տարբեր տարիներին արված դիմանկարները, «Հուդիթը», «Լաուրան», «Իտալուհու դիմանկարը»:
Գծանկարիչը նախընտրում է մեկ գույն: Ավելին, նա դիմանկարները զրկում է ֆոնից՝ դնելով դրանք ասես տիեզերական անսահմանության մեջ: Եվ այս ամենն արվում է մեծ արտիստականությամբ:
Ռուդոլֆ Խաչատրյանը նաև նատյուրմորտի վարպետ է: Գրքում տեղ են գտել տարբեր տարիներին արված նրա նատյուրմորտները:
«Թվում է, թե նկարչի գծանկարը դառնում է առավել գեղանկարչական, քան ինքը՝ գեղանկարչությունը»: Մ. Լազարևի՝ Ռուդոլֆ Խաչատրյանի արվեստին տրված այս գնահատականը բարձրագույնն է, որ կարող է ակնկալել որևէ գծանկարիչ:
Գ. ՔՈԶԻՆՅԱՆ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնի ավագ գիտաշխատող
[Подписи:] ՆԿԱՐՆԵՐՈՒՄ — «Ինքնանկար», «Արտիստուհի», «Մեծ նատյուրմորտ», «Լաուրա»: Լուսանկարները՝ Ա. Եսայանի: