Երևանի նկարչի տանը բացվել է գրաֆիկայի հանրապետական ցուցահանդես, ուր ներկայացված են մեր հանրապետության տարբեր սերունդների նկարիչների մի քանի տասնյակ ստեղծագործություններ։ Գրաֆիկան, լինելով կերպարվեստի ամենաճկուն տեսակներից մեկը, գնալով ավելի ու ավելի մեծ մասսայականություն է վայելում, թարմացնում և հարստացնում է իր արտահայտչամիջոցները։ Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների մեջ կարելի է հանդիպել մասշտաբային նկարչական լուծումների և նուրբ-քնարական գծանկարների, փորագրանկարների և ջրաներկ աշխատանքների, գունավոր և սև ու սպիտակ նկարների։ Ցուցահանդեսը բազմազան է նաև թեմատիկ առումով։
Այս տարի լրանում է Հոկտեմբերյան հեղափոխության 60 տարին։ Հեղափոխությունը և նրա խիզախ մարտիկներին են պատկերում Հրայր Կարապետյանի «Հեղափոխականի կենսագրությունը», Արամ Զաքարյանի «Լուսիկ Լիսինյան» նկարաշարերը, Վահրամ Խաչիկյանի «Իվան Ֆիոլետով», «Սուրեն Շահումյան» դիմանկարները։ Վլադիմիր Բեգլարյանը հեղափոխության մեծ առաջնորդին է նվիրել իր «Վ. Ի. Լենին» պլակատ-հեռանկարը։
Բազմաթիվ նկարներում արտացոլված է մեր հանրապետության աշխատանքային առօրյան։ Հարություն Հովհաննիսյանի «Հերթափոխ», «Հոնդալից շարժում», Վլադիմիր Սահակյանի «Ատոմային էլեկտրակայան», «Տաթևգէս», «Ատոմակայան» նկարները պատկերում են հանրապետության շինարարների դժվարին, բայց շնորհակալ աշխատանքը։ Գործարանային առօրյայից է վերցված Լավրենտի Ստեփանյանի «Գործարանային ինտերիեր», «Ընդմիջում» նկարների թեման։ Հետաքրքիր են Հենրիկ Տիգրանյանի «Քարտաշը», Վալերի Սաֆյանի «Թունելագործի դիմանկար» աշխատանքները։
Ցուցահանդեսում ներկայացված բնանկարներից առանձնանում են ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ Մհեր Աբեղյանի «Քարեր», «Սառնաղբյուր», «Գարուն», «Հովտի լեռներում», «Հայաստան երկիր», ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ Հակոբ Հակոբյանի «Բնանկար», «Բնանկար. լռություն», «Այգու մի անկյուն», ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ Դավիթ Սեդրակյանի «Արագած» նկարները։
Դիմանկարներից ուշադրության են արժանի ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի «Վարպետ Սուրենը», «Վենետիկցի կնոջ դիմանկարը», Ռուդոլֆ Խաչատրյանի «Վ. Տերյան» և «Ե. Չարենց» աշխատանքները։ Ցուցահանդեսում ներկայացված են նաև Մինաս Ավետիսյանի, Մարտին Պետրոսյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Հենրիկ Գասպարյանի, Մեհրան Խառատյանի, Անուշավան Գասպարյանի, Արտաշես Հունանյանի, Հենրիկ Մամյանի, Շավարշ Հովհաննիսյանի և այլ նկարիչների բազմաթիվ նկարազարդումները։