ՄՈՍԿՎԱ (Արմենպրեսի հատուկ թղթ. Վ. Սանթրյան)։ Կերպարվեստի երկրպագուները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան Հայկական ՍՍՀ վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսին, որը հոկտեմբերի 18-ին բացվեց ՍՍՀՄ նկարիչների միության տանը։ Դիմելով ներկաներին, ՍՍՀՄ նկարիչների միության վարչության առաջին քարտուղար, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, Սովետական Միության ժողովրդական նկարիչ Թ. Սալախովն ասաց.
— Այս օրերին նշվում է հայ ժողովրդի կյանքի նշանակալից իրադարձություններից մեկը՝ Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակը։ Տոնական այդ մեծ շղթայի օղակներից մեկը երիտասարդ, տաղանդավոր նկարչի ստեղծագործությունների ներկա ցուցահանդեսն է, մի արվեստագետի, որի աշխատանքները բազմիցս ներկայացվել են ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում, հեղինակին բերելով մի շարք մրցանակներ ու դիպլոմներ։ Ռուդոլֆ Խաչատրյանի գործերը աչքի են ընկնում մարդու հոգեկան ներքնաշխարհի նուրբ ընկալմամբ, կատարման բարձր վարպետությամբ ու պատասխանատվությամբ։
Իրենց ելույթներում արվեստագետի աշխատանքները բարձր գնահատեցին նաև Հայաստանի նկարիչների միության վարչության նախագահ, հանրապետության ժողովրդական նկարիչ Ս. Սաֆարյանը, ՌՍՖՍՀ նկարիչների միության վարչության նախագահ, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, Ռուսաստանյան Ֆեդերացիայի ժողովրդական նկարիչ Ս. Տկաչովը։
Այնուհետև շնորհակալական խոսք ասաց Ռ. Խաչատրյանը։
ՍՍՀՄ նկարիչների միության երեք սրահներում ներկայացված են հիսունից ավելի գրաֆիկական դիմանկարներ, որոնք հեղինակը ստեղծել է վերջին վեց տարիներին։ Դրանցից են դաշնակահարուհի Լեքսո Թորաձեի, արվեստաբան Հենրիխ Իգիթյանի, կինոռեժիսոր Շվեյցերի դիմանկարները, ինքնադիմանկարը և այլ գործեր։
Ռ. Խաչատրյանի ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀԿԿ Կենտկոմի կուլտուրայի բաժնի վարիչ Գ. Առաքելյանը, Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրի առաջին տեղակալ Մ. Խարազյանը, անվանի կերպարվեստագետներ, գրողներ, թատրոնի և կինոյի գործիչներ։
Արխիվի ծանոթագրություն. նույն թղթակցությունը տպագրվել է «Սովետական Հայաստան» թերթում 1978 թ. հոկտեմբերի 19-ին — Pub-0044։