Բնությունը նրան տվել է այն հազվագյուտ պարգևը, որը կոչվում է շնորհք-տաղանդ, որով նա արդեն մոտ երկու տասնամյակ երգում է մարդուն, ռոմանտիկ-քնարական շնչով պատկերում է նրան։ Հայկական ՍՍՀ վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը ամեն անգամ արվեստասերներին է ներկայանում նորանոր գործերով։
Երևանում, ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է ճանաչված արվեստագետի ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Շուրջ հիսուն դիմանկարները, նատյուրմորտները, բնապատկերները գծանկարի վարպետի վերջին երկուսուկես տարվա աշխատանքի արդյունքն են։
Նկարչի այս ստեղծագործությունների մասին բարձր կարծիք են հայտնել ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՍՍՀՄ նկարիչների միության վարչության քարտուղար Թաիր Սալախովը, գրող Ֆազիլ Իսկանդերը, բանաստեղծ Արսենի Տարկովսկին և ուրիշներ։
Ցուցահանդեսի բացմանը նկարչին ողջունեցին, նրա արվեստը բարձր գնահատեցին Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրի առաջին տեղակալ Մ. Խարազյանը, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Գ. Խանջյանը, ժամանակակից արվեստի թանգարանի դիրեկտոր, Հայկական ՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հ. Իգիթյանը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀԿԿ Կենտկոմի կուլտուրայի բաժնի վարիչ Ս. Ավետիսյանը։
(ԱՐՄԵՆՊՐԵՍ)